Արագած լեռը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետն է, բարձրությունը՝ 4090 մետր։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, Արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենիի լեռները ։Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)։
Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է 4090 մետր։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995 մետր, արևելյանը՝ 3908 մ և հարավայինը՝ 3887 մ։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 կմ² է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնում են Քասաղի վտակներից Գեղարոտը։